20:54 Շիրակը ներկայացրեց իր նորեկներին | |
Այսօր Գյումրիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Գյումրու «Շիրակի» նախագահ Արման Սահակյանը ներկայացրեց թիմում հանդես եկող նոր խաղացողների,նրանց հետ կնքեց պայմանագրեր եւ հանձնեց մարզաշապիկները: Ասուլիսին պաշտոնապես ներկայացվեցին դարպասապահ Արթուր Հարությունյանը, հարձակվողական ոճի կիսապաշտպան Դիոպ Դամեն եւ հարձակվող Ֆուֆանա Բեկոն:
Արթուր Հարությունյանը «Շիրակի» հետ կնքեց 1,5 տարվա պայմանագիր: Ա. Հարությունյանը «Շիրակ» է տեղափոխվել «Միկայից», իսկ սենեգալցի Դիոպ Դամեն «Շիրակում» հանդես կգա վարձավճարով: Նրա տրանսֆերը պատկանում է Ռուսաստանի առաջին լիգայում հանդես եկող «Խիմկի» թիմին: Դիոպի պայմանագիրը նախատեսված է վեց ամսով: Կոտդիվուարցի Ֆուֆանա Բեկոն «Շիրակ» է տեղափոխվել «Ասեք» թիմից: Այսօր պետք է ներկայացվեր նաեւ պաշտպան Հովհաննես Գրիգորյանը, սակայն նա վատառողջ էր եւ չէր մասնակցում ասուլիսին: Երկու օրից «Շիրակը» 1,5 տարվա պայմանագիր կկնքի նաեւ կոտդիվուարցի պաշտպան Դիդյե Բորիսի հետ: «Շիրակի» նախագահ Արման Սահակյանը իր խոսքում նշեց. «Այս տարի, ինչպես եվ նախորդ մրցաշրջանում, մեր առջեւ մեծ խնդիր կա՝ նվաճել գավաթը: Հուսով եմ, որ նոր համալրումներով մենք կկարողանանք նախեւառաջ կիսաեզրափակիչ երկու հանդիպումների արդյունքում հաղթել «Միկային», իսկ արդեն եզրափակիչում, սեփական հարկի տակ, չորրորդ փորձից, վերջապես, նվաճել բաղձալի գավաթը: Բացի այսօր ներկայացված խաղացողներից, մենք երկու օրվա ընթացքում պայմանագիր կկնքենք կոտդիվուարցի պաշտպան Դիդյե Բորիսի հետ, իսկ պաշտպան Հովհաննես Գրիգորյանը այսօր վատառողջ էր, այդ պատճառով չկարողացավ ներկա գտնվել: Ինչպես նաեւ մեզ են միացել «Շիրակ-2»-ի երիտասարդ խաղացողները եւ համոզված եմ, որ այսպիսի թիմով մենք կկարողանանքնվաճել գավաթը, իսկ հետո արդեն բարձր հորիզոնականներ զբաղեցնել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում: Եվ մի հետաքրքիր փաստ նաեւ նշեմ, որ առաջին անգամ հայկական ֆուտբոլի պատմության մեջ, մենք որոշեցինք մարզաշապիկների վրա ազգանունները գրել հայերեն: Փոխվել է նաեւ թիմի հովանավորը. այժմ «Շիրակի» գլախավոր հովանավորն է «Սովրանո» ընկերությունը»: Մարտի 17-ին Վարդան Բիչախչյանը կներկայացնի «Շիրակի» վերջնական կազմը: | |
|

Всего комментариев: 0 | |