"ՇԻՐԱԿ"-"ՄԻԿԱ" 9 խաղ, +2=2-5, 7:17
18 մարտի, ժ.15:00, Իջևան, "Արնար" մարզադաշտ
Գավաթի
կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը պատվավոր մրցանակի խաղարկություններում
մրցակիցների 10-րդ մրցավեճն է: Այդ հանդիպումներից ամենավճռորոշը կայացել է
անցյալ տարվա մայիսի 11-ին գավաթի եզրափակիչում: "Շիրակը", որ Սամվել
Պետրոսյանի գլխավորությամբ եզրափակիչի ճանապարհին պայքարից դուրս էր մղել
գործող ու ապագա չեմպիոններ "Փյունիկին" (1:1, 1:0) և "Ուլիսին" (0:1,
2:0), վճռորոշ խաղում չկարողացավ լրջորեն դիմադրել "Միկային"' պարտվելով
1:4 հաշվով: Այդ խաղում արդեն 16-րդ րոպեին Ալեքսը բացեց հաշիվը' գրավելով
Իգոր Լոգվինովի պաշտպանած դարպասը:
35-րդ րոպեին Նարեկ Բեգլարյանը
2-րդ գոլը խփեց: Ընդմիջման գնալուց 3 րոպե առաջ շիրակցի Անդրանիկ Բարիկյանը
խփեց պատասխան առաջին գնդակը: Երկրորդ խաղակեսում Նարեկ Բեգլարյանն ու
Դոնգ Ֆանգժուն ևս 2 անգամ գնդակն ուղարկեցին շիրակցիների դարպասը: Հաղթելով
խոշոր հաշվով, "Միկան" 6-րդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը: Գավաթի
մրցաշարերում "Միկայի" և "Շիրակի" ճանապարհներն առաջին անգամ հատվել են
2002թ. խաղարկության քառորդ եզրափակիչում: Առաջին խաղում հյուրընկալվելիս
"Շիրակը" հաղթեց խաղավերջում Կարեն Ալեքսանյանի խփած միակ գոլի շնորհիվ:
Սակայն Գյումրիում "Միկային" հաջողվեց ռևանշի հասնել (2:1) ու
կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճել: Թեև հաշիվը բացեց շիրակցի Տիգրան
Դավթյանը, սակայն մինչև ընդմիջում Դավիթ Գրիգորյանն ու Արմեն Շահգելդյանը
առաջ մղեցին "Միկային"' ապահովելով կիսաեզրափակիչի ուղեգիրը:
Հաջորդ
տարի վիճակահանությամբ մրցակիցները զույգեր կազմեցին կիսաեզրափակիչում:
Այս անգամ էլ երկու խաղերի արդյունքով հաջորդ փուլ մտավ "Միկան":
Գյումրիում դարպասները մնացին անառիկ, իսկ սեփական հարկի տակ "Միկան" 3
անպատասխան գնդակ խփեց ու եզրափակիչի ուղեգիր նվաճեց: Միկացիներից գոլերի
հեղինակներ դարձան Արամ Ոսկանյանը (11մ), Մարատ Մկրտչյանն ու Դավիթ
Գրիգորյանը:
Գավաթային հաջորդ մրցավեճը կայացավ 2007թ. քառորդ
եզրափակիչում: Այս անգամ էլ "Միկան" առավելության հասավ գյումրեցիների
նկատմամբ: Արդեն առաջին խաղում սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթելով,
"Միկան" հաջորդ փուլի ուղեգրի լուրջ հայտ ներկայացրեց: "Միկայից" աչքի
ընկան Ֆեռնանդո Տալեսը, Արմեն Պետիկյանը, Արմեն Շահգելդյանը և Կլեբեր
Լուիս Ռոդրիգեսը: Շիրակցիներից միակ գոլը խփեց Արարատ Հարությունյանը:
Գյումրիում գրանցվեց ոչ-ոքի' 1:1: Շիրակցի Վարդան Բիչախչյանի խփած գոլին
հյուրերը պատասխանեցին Կարեն Մուրադյանի անցկացրած գնդակով:
Գավաթի
մրցաշարերում մրցակիցների հաջորդ հանդիպումը կայացել է 2009թ. քառորդ
եզրափակիչում: Առաջին խաղում "Միկան" սեփական հարկի տակ 3:1 հաշվով
հաղթանակ տոնեց: Հաշիվը բացեց Ուլիսես Մոնտենեգրոն, իսկ 2-րդ խաղակեսի
սկզբում Գևորգ Հովհաննիսյանը հավասարեցրեց հաշիվը: Մինչև խաղավերջ Արա
Հակոբյանն (11մ) ու Արամ Ոսկանյանը ևս 2 գոլ խփեցին: Գյումրիում "Շիրակը"
հաղթեց Արա Մկրտչյանի խփած միակ գոլի շնորհիվ, բայց դա բավական չէր
կիսաեզրափակիչ մտնելու համար:
Այսպիսով,
գավաթի մրցաշարերում "Շիրակի" և "Միկայի" ճանապարհները 5 անգամ են հատվել
ու բոլոր դեպքերում էլ հաջողությունն ուղեկցել է միկացիներին: Այդ
հանդիպումներում "Միկայի" կազմում բոլորից արդյունավետ են գործել Նարեկ
Բեգլարյանը, Դավիթ Գրիգորյանը, Արմեն Շահգելդյանը և Արամ Ոսկանյանը, որոնք
խփել են 2-ական գոլ: Շիրակցիների կազմում մեկ գնդակից ավելի ոչ ոք չի խփել:
Գավաթի
ընթացիկ խաղարկությունում, որի մեկնարկը տրվել էր անցյալ տարվա
նոյեմբերին, "Միկան" քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր մղել
"Փյունիկին": Նոյեմբերի 20-ին ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում
դարպասները մնացել էին անառիկ: 4 օր անց "Հրազդանում" հյուրընկալելով
"Փյունիկին", "Միկան" հաղթեց 3:1 հաշվով ու կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց:
2 անգամ աչքի ընկավ Գևորգ Պողոսյանը, մեկ գնդակ էլ "Փյունիկի" դարպասը
խփեց Նարեկ Բեգլարյանը: Միայն խաղավարտից 6 րոպե առաջ փյունիկցի Արտակ
Եդիգարյանին հաջողվեց "թրջել" հաշիվը:
"Շիրակը" քառորդ եզրափակիչում
մրցեց "Բանանցի" հետ: Նոյեմբերի 20-ին "Շիրակը" մրցակցին հյուրընկալեց
Իջևանի "Արնար" մարզադաշտում: Հաշիվը 56-րդ րոպեին բացեց շիրակցի Գևորգ
Հովհաննիսյանը: Սակայն 2 րոպե անց Սարգիս Կարապետյանը վերականգնեց
հավասարակշռությունը: Այնուամենայնիվ, "Շիրակը" կորզեց հաղթանակը:
Խաղավարտից 2 րոպե առաջ հաղթական գոլի հեղինակ դարձավ Անդրանիկ Բարիկյանը: 4
օր անց "Բանանցի" մարզադաշտում կայացած խաղում դարպասները մնացին անառիկ:
"Միկան"
գավաթի մրցաշարերի ամենահաջողակ թիմն է ու յուրօրինակ ռեկորդակիրը:
2000թ.-ից մասնակցելով պատվավոր մրցանակի համար մրցավեճին, "Միկան" մշտապես
մտել է կիսաեզրափակիչ: 6 անգամ' 2000, 2001, 2003, 2005, 2006 և 2011թթ.
"Միկան" հաջողությամբ հաղթահարել է կիսաեզրափակիչի արգելքը ու մտել է
եզրափակիչ' նվաճելով մրցանակը:
Գավաթի
մրցաշարերի անփոփոխ մասնակից "Շիրակը" 11-րդ անգամ է հանդես գալու
կիսաեզրափակիչում: Գյումրեցիներին առայժմ միայն 4 անգամ' 1993, 1994, 1999 և
2011թթ. է հաջողվել եզրափակիչի ուղեգիր նվաճել: Առայժմ գավաթը նվաճելու
"Շիրակի" բոլոր 4 փորձերն էլ անհաջողության են մատնվել:
Ինչպես
հայտնի է, գավաթի այս տարվա եզրափակիչ հանդիպումն առաջին անգամ
անցկացվելու է վերակառուցումից հետո իր հյուրընկալ դռները բացող Գյումրիի
մարզադաշտում: Ինչ խոսք, դա շիրակցիների համար լրացուցիչ խթան է, որպեսզի
ամեն ջանք ներդնեն հերթական արգելքը հաջողությամբ հաղթահարելու համար: