Վաղը Գյումրիում կկայանա 2011/12թթ. Հայաստանի գավաթի եզրափակիչը:
Ասպարեզ դուրս կգան մարզային երկու թիմեր` Գյումրիի «Շիրակն» ու Դիլիջանի
«Իմպուլսը»:
Եվրոպայի լիգայում հայտնվելու հնարավորություն
Եզրափակիչում սովորաբար ֆավորիտներ չեն լինում ու այդ դեպքն էլ
բացառություն համարել չի կարելի, թեկուզ հանդիպումը կայանալու է «Շիրակի»
հարկի տակ: Խաղի արժեքը բավական մեծ է, ուստի երկու թիմերն էլ պատրաստ են
իսկական ճակատամարտ տալ խաղադաշտում: Երկու թիմերն էլ գերմոտիվացված են
դուրս գալու ասպարեզ, իսկ պատճառն այն է, որ հաղթողը ոչ միայն տիրանալու է
Հայաստանի գավաթին, այլև իրավունք է ստանալու հանդես գալ Եվրոպա լիգայի
2012/13թթ. խաղարկությունում:
Կողմերը շատ լավ հասկանում են, որ
եթե չհաջողվի տիրել գավաթին, ապա եվրագավաթներում հայտնվելու ուղեգրի
հաջորդ շանսը լինելու է Հայաստանի այս տարվա սովորականից երկար
առաջնությունում մրցանակային տեղում հայտնվելը:
Թե «Շիրակի», թե
«Իմպուլսի» դեպքում էլ եվրագավաթներում հայտնվելն առանձնահատուկ
նշանակություն ունի: Եթե «Փյունիկը», «Միկան» կամ «Բանանցը» վերջին
տասնամյակում որպես կանոն մասնակցել են միջազգային պաշտոնական
հանդիպումների, ապա այս տարվա եզրափակչի մասնակիցները նման իրավունք չեն
ունեցել: «Իմպուլսն» ընդհանրապես չի մասնակցել եվրագավաթների, իսկ «Շիրակը»
վերջին անգամ միջազգային ասպարեզ է դուրս եկել շուրջ տաս տարի առաջ:
Գյումրին ու Դիլիջանը ներկայացնող թիմերն այժմ Եվրոպայում հայտնվելու
իրական հնարավորություն են ստացել, ինչն անհամեմատ մեծացնում է գավաթի
արժեքն ու հաշվի առնելով այն, որ մարզային ակումբների մոտ եվրագավաթներում
հանդես գալու ցանկությունը բավական մեծ է, ամենևին էլ պատահական չէ, որ
հենց այս թիմերն են հայտնվել եզրափակչում:
Եզրափակչի մասնակիցները մրցաշրջանի մեկնարկում
Հայաստանի ընթացիկ առաջնությունում եզրափակչի մասնակիցները 4-ական
հանդիպում են անցկացրել, որին կարող ենք հավելել նաեւ գավաթի եզրափակչի
2-ական խաղերը: Այս տարի կայացած 6 հանդիպումների արդյունքում էլ կարելի է
որոշակի կարծիք կազմել «Շիրակի» ու «Իմպուլսի» վերաբերյալ:
Նկատենք, որ մարզային այս թիմերի մասնակցությամբ 12 հանդիպումներից միայն
1-ում է արձանագրվել ոչ-ոքի, այն էլ գավաթի կիսաեզրափակչի պատասխան
«Ուլիս»-«Իմպուլս» (0:0), խաղում, երբ գոլազուրկ ոչ-ոքին դիլիջանցիների
համար հավասարազոր էր հաղթանակի:
Առաջնությունում ավելի հաջող է
հանդես գալիս «Իմպուլսը», որն անցկացրած 4 խաղերից 3-ում հաղթել է`
մրցակիցների դարպասը խփելով 9 գնդակ: Բոլոր 4 հանդիպումներում էլ Արմեն
Գյուլբուդաղյանցի սաներն աչքի ընկան լավ խաղով ու արժանացան բարձր
գնահատականների: Մրցաշրջանի մեկնարկում միանշանակ «Իմպուլսն» ավելի
տպավորիչ է գործել «Շիրակից»: Դիլիջանցիները լուծեցին նաև շատ կարևոր
խնդիր` կարողանալով խաղը կառուցել առանց իրենց առաջատար Զավեն Բադոյանի, ով
ձմռանը տեղափոխվեց ԲԱՏԷ: Նախորդ մրցաշրջանում դժվար էր «Իմպուլսը»
պատկերացնել առանց Բադոյանի, սակայն մրցաշրջանի մեկնարկում համոզվեցինք, որ
Գյուլբուդաղյանցին բացը լրացնել հաջողվել է ու դա արվել է թիմային լավ
խաղի շնորհիվ:
Սակայն գյումրեցիներն էլ ունեն իրենց
առավելությունները: «Շիրակում» ի տարբերություն «Իմպուլսի», թիմի հիմնական
կորիզը կազմում են տվյալ քաղաքը ներկայացնող խաղացողներ, որոնք ասպարեզ են
դուրս գալիս առաջին հերթին Գյումրու պատիվը բարձր պահելու համար: Այս
գործոնը երկար տարիներ եղել է «Շիրակի» հաղթաթուղթը ու այսօր էլ այն կարող է
մեծ ազդեցություն թողնել: Դրա վառ օրինակը գավաթի վերջին 2
խաղարկություններն են, որոնցում «Շիրակը» կարողացել է պայքարից դուրս
թողնել բարդ մրցակիցների, թեև դիմակայություններից առաջ ֆավորիտ են
համարվել գյումրեցիների մրցակիցները:
Վերհիշեցենք ընթացիկ
խաղարկության քառորդ եզրափակիչը, որում «Շիրակը» նախորդ տարվա վերջում
պայքարից դուրս թողեց Բրունո Կորեայի գլխավորությամբ բավական ուժեղ ֆուտբոլ
ցուցադրող «Բանանցին», մինչդեռ քչերն էին կասկածում, որ Ռաֆայել Նազարյանի
թիմն է դուրս գալու կիսաեզրափակիչ:
Գյումրեցիները մեկ անգամ չէ,
որ ցույց են տվել, թե որքան լավ են կարողանում տրամադրվել կոնկրետ
հանդիպման, իսկ ահա առաջնություն երկար ընթացքին հարմարվել «Շիրակին»
առայժմ չի հաջողվում:
Նոր մարզադաշտ, լեփ-լեցուն տրիբունաներ
Վաղվա եզրափակիչը կառանձնանա նաև լեփ-լեցուն տրիբունաներվ: Գյումրու
քաղաքային մարզադաշտում խաղին կհետևեն առնվազն 4-5 հազար ֆուտբոլասերներ,
որոնց գերակշիռ մասը կլինեն «Շիրակի» երկրպագուներ, որոնք աչքի են ընկնում
իրենց ակտիվությամբ: Այս գործոնը ևս խոսում է գյումրեցի ֆուտբոլիստների
օգտին, որոնք նման մթնոլորտում անմնացորդ նվիրումով հանդես կգան ու պատրաստ
կլինեն անել անհնարինը: «Իմպուլսն» էլ կունենա աջակիցների իր բանակը:
Հավանական կազմերը
«Շիրակ». Արթուր Հարությունյան, Հովհաննես Գրիգորյան, Դիդյե Բորիս, Գևորգ
Հովհաննիսյան, Կարեն Ալեքսանյան, Տիգրան Դավթյան, Անդրանիկ Բարիկյան, Լի
Լամին Յորո, Կարեն Մուրադյան, Դավիթ Հակոբյան, Ֆոֆանա Բեկո:
«Իմպուլս». Գոռ Էյլազյան, Էդուարդ Կակոսյան, Ալհասան Իլիասու, Ջուլիանո
Հիմենես, Վաչիկ Եղիազարյան, Արթուր Բարսեղյան, Նարեկ Դավթյան, Աղվան
Հայրապետյան, Կոնստանտին Մադրիչենկո, Ֆիլիպ Տիմով, Նորայր Գյոզալյան:
Բուքմեյքերների կարծիքը
«Շիրակի» հաղթանակը` 2.10
Ոչ-ոքի` 3.00
«Իմպուլսի» հաղթանակը` 3.25