Գլխավոր » 2013 մարտ 4 » ՀՀ գավաթի թիմային ռեկորդները
body>
body>
13:01 ՀՀ գավաթի թիմային ռեկորդները | |
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի նախորդ 21 խաղարկություններում միայն 6 թիմերի' "Բանանցին", "Արարատին", "Փյունիկին", "Ցեմենտին", "Միկային" ու "Շիրակին" է հաջողվել նվաճել պատվավոր մրցանակը: Առավել հաճախ' 6 անգամ (2000-2001, 2003, 2005-2006, 2011թթ.) գավաթակիր է դարձել "Միկան": Ընդ որում "Միկան" միակն է, որ գավաթի եզրափակիչ բոլոր խաղերում էլ հաղթող է ճանաչվել: 21-րդ դարի սկզբին "Միկան" ու "Փյունիկը" կարծես սեփականաշնորհել էին գավաթը' 7 տարի շարունակ (2000-2006թթ.) ոչ մեկին չզիջելով բյուրեղապակյա մրցանակը (5 անգամ գավաթակիր էր դարձել "Միկան", 2 անգամ' "Փյունիկը"): Եվ միայն 2007թ. "Բանանցին" հաջողվեց խախտել այդ թիմերի գերիշխանությունը: Յուրօրինակ նվաճման է հասել "Արարատը"' 3 տարի անընդմեջ (1993-1995թթ.) արժանանալով ՀՀ գավաթին: Երկու տարի անընդմեջ գավաթակիր են դարձել "Ցեմենտը" (1998-1999թթ.), "Միկան" (2000-2001, 2005-2006թթ.) և "Փյունիկը" (2009-2010թթ.): Հայաստանի գավաթի նախորդ 21 խաղարկություններում եզրափակիչում հանդես եկած 11 թիմերից առավել հաճախ' 8 անգամ մրցանակը վիճարկել է "Փյունիկը"' դառնալով հնգակի գավաթակիր: Իսկ ահա Գյումրիի "Շիրակին" միայն 5-րդ փորձից վերջապես հաջողվեց նվաճել Հայաստանի գավաթը: Դրա համար գյումրեցիներին հարկ եղավ գավաթի մրցաշարերում 100 խաղ անցկացնել: Դա գավաթային բարձունքը տանող առայժմ ամենաերկարատև ուղին է: Իսկ ահա գավաթային բարձունքը նվաճելու ամենակարճ ճանապարհն անցել են "Բանանցն" ու "Միկան": 1992թ. "Բանանցը" դարձավ ՀՀ առաջին գավաթակիրը մրցանակի խաղարկության իր 7-րդ խաղում' ՀՄԸՄ-ի հետ վճռորոշ հանդիպումը շահելով 2:0 հաշվով: 2000թ. էլ առաջին անգամ "Միկան" ներգրավվելով գավաթի մրցաշարում, անցկացրած 7-րդ խաղում նվաճեց գավաթը' եզրափակիչում 2:1 հաշվով հաղթելով "Զվարթնոցին": 2007-2010թթ. խաղարկություններում "Բանանցը" մշտապես եզրափակիչի ուղեգիր է նվաճել, սակայն միայն մեկ անգամ է հաղթել վճռորոշ խաղում (2007թ., "Արարատ"' 3:1): Գավաթի եզրափակիչ հանդիպումներում մրցել են 16 տարբեր զույգեր: Առավել հաճախ' 4 անգամ գավաթը վիճարկել են "Փյունիկն" ու "Բանանցը": Եթե 1992թ. հաջողությունն ուղեկցել է "Բանանցին", ապա 2004, 2009 և 2010թթ. հաղթանակ է տոնել "Փյունիկը": Ընդ որում եզրափակիչ հանդիպումներում "Բանանցի" դարպասը գրավելու համար փյունիկցիներին 300 րոպե է պահանջվել: Հիշեցնենք, որ 1992թ. "Փյունիկը" եզրափակիչում "Բանանցին" զիջել էր 0:2 հաշվով, 2004թ. խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակի 120 րոպեներում հաշիվը չէր բացվել, իսկ 2009թ. Հենրիխ Մխիթարյանը "Բանանցի" դարպասը գրավել էր ավելացված ժամանակի 1-ին րոպեին: Երկու տարի անընդմեջ գավաթի վճռորոշ խաղում մրցավեճի են բռնվել "Արարատն" ու "Շիրակը" (1993-1994թթ.), "Արարատն" ու "Բանանցը" (2007-2008թթ.), "Փյունիկն" ու "Բանանցը" (2009-2010թթ.): 1999թ. "Ցեմենտը" և 2002թ. "Փյունիկը" գավաթակիր են դարձել' հաղթելով անցկացրած բոլոր 7 հանդիպումներում: 2009-2010թթ. փյունիկցիները գավաթը նվաճել են' մրցակիցներին պարտության մատնելով անցկացրած բոլոր 5 հանդիպումներում: 2003թ. "Միկան", 2004թ. "Փյունիկը" գավաթակիր են դարձել' անցկացրած բոլոր 7 հանդիպումներում դարպասը պահելով անառիկ: 2010թ. էլ փյունիկցիները պատվավոր մրցանակին արժանացել են անցկացրած բոլոր 5 հանդիպումներում դարպասն ամուր փակի տակ պահելով: 2010թ. "Փյունիկը" եզրափակիչ հանդիպումների արդյունավետության ռեկորդ սահմանեց' 4-0 հաշվով ջախջախելով "Բանանցին": Դա գավաթի եզրափակիչ հանդիպումներում գրանցված առաջին խոշոր հաշիվն է: Վճռորոշ խաղերում գավաթակրին 3 անգամ է հաջողվել 4 գոլ խփել: Առաջինը 1995թ. գավաթակիր "Արարատն" էր, որը եզրափակիչում 4-2 հաշվով հաղթեց "Կոտայքին": 2011թ. էլ "Միկան" վճռորոշ խաղում 4 անգամ գրավեց "Շիրակի" դարպասը' սեփականն ընդունելով մեկը: Գավաթի մրցաշարերում "Միկան" 2003-2005թթ. անցկացրած 14 անընդմեջ հանդիպումներում գոլ բաց չի թողել: 2003թ. թիմը նվաճեց գավաթը' 7 խաղերում մրցակիցների դարպասը խփելով 25 անպատասխան գնդակ: Հաջորդ խաղարկությունում թիմը հասավ մինչև կիսաեզրափակիչ' 6 խաղում խփելով 17 գնդակ' դարպասը կրկին պահելով անառիկ ("Փյունիկի" հետ կիսաեզրափակիչ երկու հանդիպումներում էլ հաշիվը չէր բացվել, 11 մ հարվածաշարով եզրափակիչի ուղեգիր էին նվաճել փյունիկցիները): Եվ միայն 2005թ. մարտի 19-ին 1/8 եզրափակիչի պատասխան խաղում "Երևան Յունայթեդի" ֆուտբոլիստ Նվայգուե Ֆորչունեթին հաջողվեց խոցել "Միկայի" դարպասը: "Ցեմենտը" 1998-2000թթ. խաղարկություններում 13 անընդմեջ հաղթանակ է տոնել: Թիմի հաղթարշավը սկսվել է 1998թ. մայիսի 5-ին, "Էրեբունի-ՀՄՄ-ի" հետ կիսաեզրափակիչի առաջին խաղում (1:0) և շարունակվել մինչև 2000թ. ապրիլի 18-ին "Միկայի" հետ անցկացրած քառորդ եզրափակիչի անդրանիկ հանդիպումը (1:0): Չորս օր անց կայացած պատասխան խաղում "Միկան" ընդհատել է "Ցեմենտի" հաղթարշավը' մրցակցին պարտության մատնելով 2:0 հաշվով: Անպարտելի խաղերի ամենաերկարատև շարքի հեղինակն "Արարատն" է, որը 1993-1996թթ. խաղարկություններում 21 անընդմեջ հանդիպումներում չի պարտվել' այդ ընթացքում 3 անգամ նվաճելով գավաթը: Թիմի անպարտելի խաղերի շարքը սկսվել էր 1993թ. մարտի 27-ին, "Արտաշատի" (10:0) հետ 1/16 եզրափակիչ հանդիպումից և շարունակվել մինչև 1996թ. ապրիլի 1-ին "Ղարաբաղի" հետ կայացած քառորդ եզրափակիչ առաջին խաղը (3:1): Անպարտելի խաղերի շարքն ընդհատվեց միայն ապրիլի 13-ին, "Ղարաբաղի" հետ պատասխան մրցավեճում (0:1): Ամենախոշոր հաշիվը (15:0) գրանցվել է 2005թ. մարտի 19-ին կայացած "Բանանց"-"Աբովյան" 1/8 եզրափակիչի պատասխան խաղում: "Աբովյանի" հետ երկու հանդիպումներում "Բանանցի" ֆուտբոլիստները մրցակցի դարպասը 24 անպատասխան գնդակ են խփել, ինչը ևս յուրօրինակ ռեկորդ է: Այդ տարի "Բանանցը" գավաթային 6 հանդիպումներում 34 գոլ խփեց' սահմանելով միջին արդյունավետության (5,6 գոլ մեկ խաղում) ռեկորդ: Գավաթի մեկ խաղարկությունում բոլորից արդյունավետ է գործել "Փյունիկը": 1996թ. անցկացրած 9 խաղում փյունիկցիները 43 գոլ են խփել (միջինը մեկ խաղում' 4,7 գոլ): Դրանցից 20-ը խփվել է "Արմավիրի" հետ 1/16 եզրափակիչի 2 հանդիպումներում (11:1, 9:1): Գավաթի մրցաշարերում բոլորից շատ' 102 խաղ է անցկացրել "Փյունիկը", որը ռեկորդակիր է նաև տոնած հաղթանակների (65) և խփած գոլերի (232) քանակով:
| |
|
Всего комментариев: 0 | |