Կարճ
ժամանակով Գյումրիում էր գտնվում Հայաստանի հավաքականի նախկին խաղացող
Արթուր Պետրոսյանը, ով ներկա գտնվեց ապրիլի 29-ին կայացած գավաթի եզրափակիչ
«Շիրակ»-«Իմպուլս» (1:0) հանդիպմանը, ապա մասնակցեց երեկ կայացած
1990-ականների «Շիրակի» ու ներկայիս թիմի ընկերական հանդիպմանը:
Մինչեւ Շվեյցարիա վերադառնալը Պետրոսյանը զրուցեց armsport.am-ի հետ:
- Արթուր, երկարատև ընդմիջումից հետո «Շիրակի» կազմում 1990-ականներին ելույթ ունեցած ֆուտբոլիստներով այսօր կրկին ասպարեզ դուրս եկաք: Ի՞նչ զգացումներ ունեցար:
- Կարճ ասեմ` ուրախություն ու ոգևորություն: Այս ամենին նպաստել էր նաև
այն, որ կիրակի օրը մենք գավաթի եզրափակչի ժամանակ իսկական տոն տեսանք:
Ոգևորված ժողովուրդ, մեծ ուրախություն, դհոլ ու զուռնա… Այս ամենը կար
1990-ականներին: Հրաշալի էր նույն այդ ոգևորությունն այսօր մարդկանց
աչքերում տեսնելը:
- Վաղո՞ւց չէիր եղել Գյումրիում:
- Նախորդ այցելությունս եղել էր 2 տարի առաջ: Այս ընթացքում որոշ
փոփոխություններ քաղաքում եղել են, սակայն կտրուկ փոփոխություններ
չնկատեցի:
- Վետերանների կազմում մրցեցիր ներկայիս «Շիրակի» դեմ ու թերևս ավելի հստակ կարծիք ես կազմել թիմի մասին:
- Առաջին հերթին պետք է նշել, որ երիտասարդ թիմ է, չնայած որ կան նաև
փորձառու խաղացողներ: Եզրափակիչում առկա մթնոլորտի մասին խոսեցի, բայց պետք
է ասեմ, որ 1990-ականները հիշեցի` նաև տղաների նպատակաուղղվածությունը
տեսնելով: Տեսա գյումրեցու թասիբը նրանց մեջ: Դա շատ ուրախալի փաստ էր ինձ
համար: Թասիբով ֆուտբոլ խաղալն ավանդույթ է մեզ համար: Հուսով եմ, որ
երիտասարդներն անպայման առաջընթաց են ունենալու:
- Լինելով «Ցյուրիխի» մինչեւ 18 տարեկանների գլխավոր մարզիչը ու շատ լավ ծանոթ լինելով եվրոպական ֆուտբոլի ենթակառուցվածներին` ի՞նչ կարող ես ասել Գյումրիում այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:
- Վերանորոգված մարզադաշտի մասին արդեն շատ է խոսվել: Տեղյակ եմ նաև, որ
քաղաքում ֆուտբոլային ակադեմիա է շահագործման հանձնվելու, ինչը մեծ խթան
կարող է հանդիսանալ Գյումրիում ֆուտբոլի զարգացման համար: Գավաթի
եզրափակիչում ունեցած հաղթանակից հետո ֆուտբոլով զբաղվող երեխաների թիվն էլ
ավելի է մեծանալու, իսկ ակադեմիան պատրաստ լինելու դեպքում արդեն այդ
հնարավորությունը կստեղծի:
- «Շիրակի» մարզչական շտաբի ու ներկայացուցիչների հետ գործնական շփումներ կա՞ն` միտված ակումբի զարգացմանը:
- Մարզիչների հետ միշտ էլ մտքափոխանակություն լինում է, բայց ոչ ավելին:
Ես այնպիսի բնավորություն ունեմ, որ խորհուրդներ տալ չեմ սիրում: Ակումբն
ունի լավ մարզչական շտաբ, ընթանում է ճիշտ ուղով ու կշարունակի զարգանալ: